Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը՝ Աշտարակ
Տեսարժան վայրերը
Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, Արուճ, Արտավազիկ, Բյուրական, Դաշտադեմ,Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք,Մաստարա, Մարինե, Մուղնի, Ներսեհ Կամսարական, Շամիրամ, Ոսկեվազ,Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ
Լեռ՝ Արագած

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:

Բնական պայմանները և հարստությունները
Շատ են սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի գլխավոր ջրամատակարարը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

Արագածի սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ:

Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Քաղաքները
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:

* * *

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս՝ Վիկտոր Համբարձումյանը:

Posted in Մայրենի

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Posted in Երգ

Յալալի

Յալալի, տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարի,
Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,
Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,
Յալալի, պառկել բաղչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոք անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է,
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:
Յալալի․․․