Posted in Մայրենի

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» 1մաս

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

—Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

— Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բացատրիր կարմիրով նշված բառերը:
Դերվիշ- Մահմեդականների թափառական կրոնավոր:
Փինաչի-Հնակարկատ:
Չուստ-Հոդաթափ:

Ինչո՞ւ էր թագավորը ժամանակ առ ժամանակ դերվիշի շորեր հագնում և շրջում քաղաքում:
Նա սովորություն ուներ երբեմն դերվիշի շորեր հագնել, շրջել մայրաքաղաքով, խոսել մարդկանց հետ, որպեսզի իմանար թե ինչպես էին ապրում և իր մասին ինչ կարծիք ունեին:

Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝ Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել – նշանակում է, որ կյանքում ուրախությունն ու երջանկությունը ապրուստի, գումարի մեջ չէ։ Եվ կարող է մարդ լինի աղքատ,բայց շատ ուրախ ու երջանիկ։
Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա-նշանակում է մարդ ինչպես ցանկանում է այդպես էլ լինւմ է

Վերնագրիր հատվածը:
1-ին մաս