Posted in Uncategorized

Աղվեսի մասին

Աղվսեսի մասին

Աղվեսը անտառային կենդանի է: Նա խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը նրան օգնում են հեռու մնալ փորձանքից. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս:

Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:

Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:

Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով:

Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:

Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին`   անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե´ երիտասարդ և թե´ հասուն աղվեսները ապրում են միայնակ:

https://www.auroranews.am/news/2020-01-22-tesanyo%D6%82t-khosrovi-antari-aghvesy

Posted in Մայրենի

Իմ մասին

Ողջույն, ես Ափինեն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցի 2․1 դասարանում։ Ես սիրում եմ վարել ինքնագլոր, հեծանիվ, սիրում եմ նկարել, լողալ և խաղալ։