Posted in Ճամբար

Դիպուկ կրակոց

Իտալիայում ապրում էի հարուստի նման, բայց հանգիստ, խաղաղ կյաքն իմ սրտովը չէր։

Ես նոր արկածների ու քաջագործությունների էի ձգտում։

Այդ պատճառով շատ ուրախացա, երբ լսեցի, որ Իտալիայից ոչ հեռու նոր պատերազմ է ծագել, անգլիացիք կռվում էին իսպանացիների հետ։

Րոպե իսկ չկորցնելով, թռա ձիուս վրա և պատերազմի դաշտը սլացա։

Որովհետև իսպանացիները պաշարել էին անգլիացիների Ջիբրալթար բերդը, ուստի ես գնացի պաշարվածների մոտ։

Բերդապետ գեներալն իմ լավ ծանոթն էր։

Նա գրկաբաց ընդունեց ինձ և ցույց տվեց իր կառուցած ամրությունները, որովհետև նա գիտեր, որ ես գործնական և օգտակար խորհուրդներ կարող եմ տալ։

Ջիբրալթարի պատի վրա կանգնած, ես հեռադիտակով տեսա, որ իսպանացիները թնդանոթի փողը ուղղում են դեպի այն տեղը, ուր երկուսով կանգնած ենք։

ժամանակ չկորցնելով, ես հրամայեցի, որ այդտեղ մի մեծ թնդանոթ դնեն։

― Ինչո՞ւ,― հարցրեց գեներալը։

― Կտեսնես,― պատասխանեցի ես։

Հենց որ թնդանոթը բերին, փողն ուղղեցի դեպի թշնամու թնդանոթի փողը, և երբ իսպանական թնդանոթաձիգը պատրույգը մոտեցրեց իր թնդանոթին, բարձրաձայն հրաման տվի. «կրակ»։

Երկու թնդանոթներն էլ միևնույն ակնթարթում թնդացին։

Պատահեց այն,,ինչ որ սպասում էի։

Իմ նշած կետում երկու ռումբերը՝ մերը և թշնամունը, սարսափելի ուժով իրար բախվեցին, և թշնամու ռումբը ետ թռավ։

Հասկանո՞ւմ եք. ռումբը ետ թռավ դեպի իսպանացիները։

Ետ թռավ և կտրեց իսպանական թնդանոթաձիգի և տասնվեց իսպանական զինվորների գլուխներ։

Հետո ջարդեց իսպանական նավահանգստում կանգնած երեք նավերի կայմերը և սլացավ ուղիղ Աֆրիկա։

Թռչելով էլի երկու հարյուր տասնչորս մղոն, ընկավ մի խեղճ գյուղացու տան վրա, որտեղ մի ինչ-որ պառավ էր ապրում։ Պառավը մեջքի վրա պառկած, բերանը բաց, քնած էր։ Մեր թնդանոթի ռումբը, տանիքը ծակելով, ընկավ ուղիղ քնած պառավի բերանը, կոտրեց նրա վերջին ատամները և մնաց կոկորդում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։

Տուն վազեց պառավի ամուսինը՝ մի կրակոտ և հնարամիտ մարդ։

Նա ձեռքը մտցրեց պառավի կոկորդը և փորձեց հանել, բայց ռումբը տեղից չշարժվեց։

Այն ժամանակ, ոչ մի րոպե չկորցնելով, կնոջ քթին քթախոտ մոտեցրեց։ Պառավը փռշտաց և այնպես լավ փռշտաց, որ ռումբը պատուհանից փողոց թռավ։

Ահա թե ինչքան չարիք հասցրեց իսպանացիներին իրենց սեփական ռումբը, որ ես ետ էի ուղարկել։

Մեր ռումբն էլ նրանց զվարճություն չպատճառեց. կպավ ռազմական նավին ու խորտակեց, իսկ այդ նավում երկու հարյուր իսպանական զինվոր կար։

Այնպես որ, անգլիացիք այս պատերազմում հաղթություն տարան գլխավորապես իմ հնարամտության շնորհիվ։

― Շնորհակալ եմ, սիրելի Մյունխհաուզեն,– ասաց իմ բարեկամ գեներալը, ամուր սեղմելով ձեռքս։― Դու որ չլինեիր, մենք կորած էինք։ Մեր փայլուն հաղթությամբ միայն քեզ ենք պարտական։

― Դատարկ բան է. ես միշտ պատրաստ Եմ ծառայելու իմ բարեկամներին,– պատասխանեցի ես։

Իմ մատուցած ծառայության համար անգլիական գեներալն ուզում էր ինձ գնդապետ դարձնել, բայց ես, որպես շատ համեստ մարդ, մերժեցի նրա առաջարկած այնքան մեծ պատիվը։

Posted in Ճամբար

Հետապնդում

Պատահեց այն, ինչից վախենում էի։

Դեռ նոր էինք ափից հեռացել, երբ գանձապահը վազեց իր տիրոջ մոտ և ասաց, որ ես գանձարանը մաքուր թալանեցի։

Սուլթանը կատաղեց և ուղարկեց իմ հետեից իր ողջ ռազմական նավատորմը։

Բազմաթիվ ռազմանավեր տեսնելով, խոստովանում եմ, որ շատ վախեցա։

— Դե՛, Մյունխհաուզեն,— ասացի ինքս ինձ,֊ վերջին ժամդ հասել է։ Էլ փրկություն չկա։ Քո ողջ խորամանկությունն էլ քեզ չի օգնի։

Ես զգացի, որ իմ գլուխը, որ հենց նոր էր ամրացել ուսերիս վրա, կրկին կարծես թե մարմնիցս բաժանվում է։

Հանկարծ մոտեցավ ինձ այն ծառաս, որն այնքան ուժեղ քթածակեր ուներ։

― Մի վախեցեք։ Նրանք մեզ չեն հասնի,– ասաց նա ծիծաղելով։

Վազեց նավի հետևի կողմը և մի քթածակը թուրքական նավատորմիղին, իսկ մյուսը մեր նավի առագաստներին ուղղելով, այնպիսի ուժեղ քամի բարձրացրեց, որ ողջ թուրքական նավատորմիղը մի րոպեում նավահանգիստ թռավ։

Իսկ մեր նավը իմ հզոր ծառայի շնորհիվ, արագ առաջ սլացավ և մի օրից հասավ Իտալիա։

Posted in Ճամբար

Չինական Գինին

Եգիպտոսում ես շուտով կատարեցի սուլթանի հանձնարարությունը։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց։

Մի շաբաթից հետո իմ արտասովոր ծառաների հետ Թուրքիայի մայրաքաղաք վերադարձա։

Սուլթանն իմ վերադարձով շատ ուրախացավ և գովեց Եգիպտոսում ունեցած իմ հաջողությունը։

― Դուք իմ բոլոր մինիստրներից խելոք եք, սիրելի Մյունխհաուզեն,– ասաց նա ձեռքս ամուր սեղմելով։― Այսօր ինձ մոտ ճաշի եկեք։

Ճաշը շատ համեղ էր, բայց ափսոս սեղանին գինի չկար, որովհետև թուրքերին գինի խմելն օրենքով արգելված է։

Ես շատ վշտացա, և սուլթանն ինձ մխիթարելու համար ճաշից հետո ինձ տարավ իր առանձնասենյակը, գաղտնի պահարանը բաց արեց և այնտեղից մի շիշ գինի հանեց։

― Այսպիսի հրաշալի գինի դուք ձեր ամբողջ կյանքում չեք խմել, իմ սիրելի Մյունխհաուզեն,― ասաց նա, բաժակը լիքը լցնելով։

Գինին իսկապես լավն էր։ Բայց առաջին իսկ կումից հետո ես հայտնեցի, որ Չինաստանում չինական բողդիխան Ֆու Չանի գինին սրանից շատ լավն է։

― Իմ սիրելի Մյունխհաուզեն,– գոչեց սուլթանը,― ես սովոր եմ ձեր ամեն մի խոսքին հավատալու, որովհետև դուք աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եք, բայց երդվում եմ, որ հիմա դուք ճիշտ չեք ասում, սրանից լավ գինի չի լինի։

― Իսկ ես կապացուցեմ, որ կլինի։

— Մյունխհաուզեն, դուք հիմար բան եք ասում։

— Ոչ, ես ճշմարիտ եմ խոսում և խոստանում եմ մի ժամից հետո հանձնել ձեզ բողդիխանի մառանից մի շիշ այնպիսի գինի, որի համեմատ ձեր գինին քացախ է։

— Մյունխհաուզեն, չափն անցնում եք։ Ես միշտ ձեզ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդկանցից մեկն եմ համարել, իսկ այժմ տեսնում եմ, որ անխիղճ ստախոս եք։

― Եթե այդպես է, ես պահանջում եմ, որ դուք անհապաղ համոզվեք, ճշմարիտ եմ խոսում արդյոք։

― Համաձայն եմ,– պատասխանեց սուլթանը։– Եթե դուք ժամը չորսին Չինաստանից չբերեք աշխարհիս ամենալավ գինուց մի շիշ, ես կհրամայեմ, որ ձեր գլուխը կտրեն։

― Հիանալի է,– գոչեցի ես։― Ձեր պայմանին համաձայն եմ։ Իսկ եթե ժամը չորսին այդ գինին ձեր սեղանի վրա լինի, դուք ձեր գանձարանից ինձ այնքան ոսկի կտաք, որքան մի մարդ միանգամից կարող է տանել։

Սուլթանը համաձայնեց։

Ես չինական բողդիքսանին նամակ գրեցի և խնդրեցի նվիրել ինձ մի շիշ այն գինուց, որով երեք տարի առաջ ինձ հյուրասիրել էր։

«Եթե դուք իմ խնդիրքը մերժեք,– գրեցի ես,– ձեր բարեկամ Մյունխհաուզենը դահճի ձեռքով կսպանվի»։

Երբ նամակս վերջացրի, երեքից հինգ րոպե անց էր։

Ես իմ արագավազին ձայն տվի և ուղարկեցի չինական մայրաքաղաք։

Նա ոտքերին կապած քարերն արձակեց, նամակը վերցրեց և մի ակնթարթում աչքից կորավ։

Ես վերադարձա սուլթանի առանձնասենյակը։ Արագավազի վերադարձին սպասելով, մենք բաց արած գինու շիշը մինչև հատակը ցամաքեցրինք։

ժամացույցը խփեց երեքից քառորդ անց, ապա երեք ու կես, երեքից քառասունհինգ րոպե անց, իսկ արագավազը չկար։

Ես շատ վատ զգացի, մանավանդ, երբ նկատեցի, թե ինչպես սուլթանը զանգակը ձեռին պահել է, որ ժամանակը լրանալուն պես զանգահարի ու դահճին կանչի։

― Թույլ տվեք դուրս գալ այգի և մաքուր օդ շնչել,– ասացի սուլթանին։

― Խնդրեմ,― պատասխանեց սուլթանը՝ սիրալիր ժպիտը դեմքին։

Բայց այգի դուրս գալով տեսա, որ իմ հետևից ինչ-որ մարդիկ են գալիս։

Դրանք սուլթանի դահիճներն էին, որոնք ամեն րոպե պատրաստ էին ինձ վրա հարձակվելու և իմ խեղճ գլուխը կտրելու։

Ես հուսահատված նայեցի ժամացույցին, չորսից հինգ րոպե պակաս էր։

Մի՞թե հինգ րոպեից հետո ես պիտի մեռնեմ։ Օ՜, սարսափելի է։

Ես կանչեցի իմ ծառային՝ նրան, որը լսում էր, թե ինչպես է աճում դաշտի խոտը և հարցրի՝ չի՞ լսվում արդյոք իմ արագավազի ոտնաձայնը։

Նա ականջը դրեց գետնին և հայտնեց, որ արագավազը քնած է։

― Քնա՞ծ։

― Այո։ Ես լսում եմ նրա խռմփոցը։

Սարսափից ոտներս թուլացան։ Մի րոպե ևս, և ես կմեռնեմ։

Ես ձայն տվի մյուս ծառային, նրան, որը ծտի էր նշան բռնում։

Նա իսկույն ամենաբարձր աշտարակի գլուխը բարձրացավ և ոտի մատների վրա կանգնելով սկսեց նայել։

― Հը՛, ի՞նչ է, այն անպիտանին տեսնո՞ւմ ես,– հարցրի ես զայրույթից խեղդվելով։

― Տեսնում եմ, տեսնում եմ։ Պառկել է Պեկինի մոտ, դաշտում, կաղնու տակ և խռմփացնում է։ Կողքին էլ մի շիշ կա։

Բայց սպասիր, ես քեզ կարթնացնեմ։

Նա կրակեց այն կաղնու կատարին, որի տակ պառկած էր արագավազը։

Կաղինները, տերևներն ու ճյուղերը թափվեցին քնածի վրա և նրան արթնացրին։

Արագավազը վեր թռավ, աչքերը տրորեց և գժի նման սկսեց վազել։

ժամը չորսին կես րոպե էր պակաս, երբ նա չինական գինու շիշը ձեռքին պալատը մտավ։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ուրախացա։

Գինին փորձելով, սուլթանը հիացավ ու բացականչեց.

― Սիրելի Մյունխհաուզեն, թույլ տվեք այս շիշը պահել։ Ուզում եմ մենակ խմել։ Ես չէի կարծում, թե աշխարհիս երեսին այդպիսի քաղցր ու համեղ գինի կլինի։

― Ես թույլ եմ տալիս իմ բարեկամ Մյունխհաուզենին վերցնել իմ գանձարանից այնքան ոսկի, որքան կարող է տանել մի մարդ միանգամից,— ասաց սուլթանը։

Գանձապահը խոնարհ գլուխ տվեց և տարավ ինձ պալատի ներքնահարկը, որը լիքն էր գանձով։

Ես կանչեցի իմ հսկային։ Նա շալակեց գանձարանում գտնվող ամբողջ ոսկին, և մենք ծովափ վազեցինք։

Այնտեղ մի ահագին նավ վարձեցի և բերնեբերան լցրի ոսկով։

Առագաստները պարզելով, մենք շտապեցինք ծով դուրս գալ, քանի դեռ սուլթանը ուշքի չէր եկել և գանձն ինձանից չէր խլել։

Posted in Ճամբար

Իմ հրաշալի ծառաները

Ինձ ազատող նավն ուղևորվեց դեպի Թուրքիայի մայրաքաղաքը։ Իտալացիները, որոնց մեջ գտնվում էի հիմա, միանգամից տեսան, որ ես նշանավոր մարդ եմ և առաջարկեցին մնալ նավում՝ իրենց հետ միասին։

Ես համաձայնեցի, և մի շաբաթից հետո թուրքական ափը հասանք։

Սուլթանն իմ գալու մասին տեղեկանալով, իհարկե, ինձ հրավիրեց։ Նա ինձ դիմավորեց իր պալատի շեմքին և ասաց.

― ես բախտավոր եմ, որ կարող Եմ ողջունել ձեզ իմ հին մայրաքաղաքում։ Հույսով եմ, որ դուք ողջ և առողջ եք։ Ես ծանոթ եմ ձեր մեծագույն քաջագործություններին և կուզենայի հանձնարարել ձեզ մի դժվարին գործ, որը, բացի ձեզանից, ուրիշ ոչ ոք կատարել չի կարող, որովհետև դուք աշխարհիս ամենախելոք և ամենահնարամիտ մարդն եք։ Կարո՞ղ եք հենց այս րոպեիս ճանապարհվել Եգիպտոս։

― Ուրախությամբ,– պատասխանեցի։― Ես այնքան սիրում եմ ճանապարհորդությունը, որ պատրաստ եմ, թեկուզ այս րոպեիս, աշխարհի ծայրն էլ գնալու։

Իմ պատասխանը սուլթանին շատ դուր եկավ, և նա մի այնպիսի հանձնարարություն արեց, որ բոլորի համար գաղտնիք պետք է մնա։ Դրա համար էլ այդ մասին ես պատմել չեմ կարող։

Այո՛, այո՛, գիտենալով, որ ես աշխարհիս ամենահուսալի մարդն եմ, սուլթանն ինձ այդ գաղտնիքը հայտնեց։

Ես գլուխ տվի և իսկույն ճանապարհ ընկա։ Continue reading “Իմ հրաշալի ծառաները”

Posted in Ճամբար

Ձկան ստամոքսում

Մի շաբաթից հետո մենք եկանք Իտալիա։

Պարզ, արևոտ օր էր։

Ես գնացի Միջերկրական ծովի ափը՝ լողանալու։ Ջուրը տաք էր։ Ես հիանալի լողորդ եմ և ափից շատ հեռու լողացի։

Հանկարծ տեսա, որ ուղիղ դեպի ինձ է գալիս մի հսկա ձուկ՝ բերանը լայն բաց արած։

Ի՞նչ անեի։

Նրանից փախչել անհնարին էր։ Ես կուչ եկա և շտապեցի մտնել ձկան բերանը, որպեսզի շուտ անցնեմ նրա սուր ատամների արանքով և միանգամից ստամոքսը մտնեմ։

Ամեն մարդ այսպիսի սրամիտ խորամանկություն չի կարող անել, բայց ես, առհասարակ, սրամիտ և, ինչպես գիտեք, հնարամիտ մարդ եմ։

Ձկան ստամոքսում մութ էր, բայց՝ տաք ու հարմար։

Սկսեցի զբոսնել, առաջ ու ետ քայլել, բայց շուտով նկատեցի, որ դա ձկանն իսկի դուր չի գալիս։ Այն ժամանակ ես սկսեցի դիտմամբ ոտքերս դոփել, թռչկոտել, գժի նման պար գալ, որ ձկանը մի լավ տանջեմ։ Ձուկը ցավից հառաչեց և իր ահագին մռութը ջրից դուրս հանեց։

Շուտով մոտիկից անցնող իտալական նավից տեսան ձկանը։

Ես էլ հենց այդ էի ուզում։

Ծովայինները ձկանը սպանեցին, հետո քաշեցին դրին նավի տախտակամածի վրա և սկսեցին խորհուրդ անել, թե ինչպես կտրատեն այդ ահագին կենդանուն։

Ձկան ներսում նստած, ես երկյուղից դողում էի. ինչպես էլ որ անեին, ինձ էլ ձկան հետ կտրտելու էին։

Դա սարսափելի էր։

Բայց իմ բախտից նրանց կացիններն ինձ չկպան։

Հենց որ մի փոքրիկ լույս երևաց, բարձր ձայնով սկսեցի մաքուր իտալերենով գոչել (օ, ես իտալերեն շատ լավ գիտեմ), որ ես ուրախ եմ տեսնելու այն բարի մարդկանց, որոնք ինձ մութ բանտից ազատեցին։

Ձկան փորից մարդու ձայն լսելով, նավաստիները սարսափից սառեցին։

Զարմանքն ավելի շատացավ, երբ ես ձկան բերնից դուրս թռա և սիրալիր ողջունեցի նրանց։

Posted in Ճամբար

Կոկորդիլոսի և առյուծի միջև

Երբ փոթորիկը վերջացավ, մենք խարիսխը բարձրացրինք և երկու շաբաթից հետո հաջողությամբ հասանք Ցեյլոն կղզին։

Ցեյլոնի նահանգապետի ավագ որդին ինձ առաջարկեց միասին որսի գնալ։

Ես մեծ հաճությամբ համաձայնեցի։

Մենք ճանապարհ ընկանք դեպի մոտակա անտառը։ Սաստիկ շոգ էր, և պետք է խոստովանեմ, որ եղանակին սովոր չլինելով, շուտով քնեցի։

Իսկ նահանգապետի որդին, որը մի ուժեղ երիտասարդ էր, իրեն շատ լավ էր զգում, նա Ցեյլոնում ապրում էր մանկությունից։

Ցեյլոնի արեգակը նրա համար նշանակություն չուներ, և նա կայտառ քայլում էր շիկացած ավազի միջով։

Ես նրանից ետ մնացի և շուտով անտառի խորքում մոլորվեցի։ Գնում եմ և ինչ-որ ձայն եմ լսում։ Ետ եմ նայում ու տեսնում, որ իմ առջև մի աժդահա առյուծ է կանգնած, որը բերանը բաց է արել և ուզում է ինձ կտոր-կտոր անի։

Ի՞նչ անեի։

Հրացանս լցրած էր մանր կոտորակով, որով կաքավ էլ չես սպանի։ Հրացանս արձակեցի, բայց կոտորակը միայն գրգռեց կատաղի գազանին, և նա կրկին կատաղությամբ ինձ վրա հարձակվեց։

Ես սարսափած սկսեցի փախչել, գիտակցելով, որ փախուստն իզուր է, որ գազանը մի ոստյունով կհասնի ինձ և կտոր-կտոր կանի։ Բայց ո՞ւր փախչեի։ Իմ առաջ գտնվում էր մի հսկա կոկորդիլոս, որը, բերանը բաց, պատրաստ էր նույն վայրկյանին ինձ կուլ տալու։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։

Առջևից՝ կոկորդիլոս, հետևից՝ առյուծ, ձախից՝ լիճ, աջից՝ թունավոր օձերով լիքը ճահիճ։

Մահվան երկյուղով բռնված, ընկա խոտերի վրա և, աչքերս փակած, անխուսափելի մահվան պատրաստվեցի։

Եվ հանկարծ իմ գլխից վերև կարծես մի ինչ-որ բան գլորվեց ու դղրդաց։

Աչքերս բաց արի, և իմ առաջ մի զարմանալի տեսարան բացվեց, որն ինձ մեծ ուրախություն պատճառեց։

Բանից դուրս եկավ, որ առյուծը, ցանկանալով ինձ վրա հարձակվել այն վայրկյանին, երբ ես ընկել եմ խոտի վրա, վրայովս թռել է, ուղիղ կոկորդիլոսի բերանն ընկել։

Մի գազանի գլուխը գտնվում էր մյուս գազանի կոկորդում, և երկուսն էլ ուժերը լարում էին, որ իրարից ազատվեն։

Ես վեր թռա, որսորդական դանակս հանեցի և մի զարկով առյուծի գլուխը թռցրի։ Նրա անկենդան մարմինն ընկավ իմ ոտքերի մոտ։

Հետո, ժամանակ չկորցնելով, հրացանս առա և նրա կոթով սկսեցի զարկել առյուծի գլխին, որ ավելի խոր մտնի կոկորդիլոսի բերանը այնպես, որ կոկորդիլոսը վերջիվերջո խեղդվեց։

երբ նահանգապետի որդին վերադարձավ, շնորհավորեց իմ տարած հաղթանակը անտառի երկու հսկաների դեմ։

Posted in Ճամբար

Փոթորիկ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս՝ բմբուլի չափ էին թվում։

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։

Զարմանալի ծառեր են, այնպես չէ՞։

Ասենք մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել։

Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և գեղջկուհին շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, մժեղի նման տրորեց՝ նրան։

― Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։

ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

― խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում։