Posted in Մայրենի

Կույր խոզը

Այո՛, ինձ հետ շատ ու շատ զարմանելի դեպքեր են պատահել։

Մի անգամ խիտ անտառով անցնելիս տեսա, որ վազում է մի շատ փոքրիկ վայրի գոճի, իսկ նրա հետևից՝ մի մեծ խոզ։

Հրացանն արձակեցի, բայց, ափսոս, գնդակը վրիպեց։

Գնդակս անցավ հենց խոզի և գոճու արանքով։

Գոճին վնգվնգաց և փախավ անտառ, իսկ խոզը մնաց տեղում քարացած։

Ես զարմացա․ ինչո՞ւ խոզն ինձանից չի փախչում։ Մոտեցա և իմացա, թե բանն ինչ է։ Խոզը կույր էր. ճանապարհը չէր տեսնում։ Նա կարող էր շարժվել միայն իր գոճու պոչից բռնած։

Գնդակս կտրել էր գոճու պոչը, գոճին փախել էր, իսկ խոզն առանց նրա չէր իմանում, թե ուր գնա։ Այստեղ իմ գլխում մի հրաշալի միտք ծագեց։ Բռնեցի պոչի կտորից և խոզին իմ խոհանոցը տարա։ Խեղճ կույրը հանդարտ հետևում էր ինձ՝ կարծելով, թե առաջվա նման իրեն իր գոճին է առաջնորդում։

Այո՛, մի անգամ էլ պետք է ասեմ, որ հնարամտությունը մեծ բան է։

Posted in Մայրենի

Աղվեսն ասեղի վրա

Այո, հնարամտությունը կյանքում ամենից գլխավոր բանն է, և աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի հնարամիտ մարդ չի եղել։

Մի անգամ ռուսական անտառում մի սև աղվեսի պատահեցի։

Այդ աղվեսի մորթին այնքան լավն էր, որ գնդակով կամ կոտորակով փչացնելն ափսոս էր։

Ոչ մի րոպե չկորցնելով, գնդակը հրացանի փողից հանեցի, հրացանը կոշկակարի երկար ասեղով լցրի և արձակեցի։

Որովհետև աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։

Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։

Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Իսկ մորթին որ վերցրի, անվնաս էր. գնդակով կամ կոտորակով ծակված, փչացած չէր։

Posted in Մայրենի

Կաքավները շամփուրի վրա

Օ՜, հնարամտությունը մեծ բան է։ Մի անգամ ինձ հաջողվեց մի զարկով յոթ կաքավ սպանել։ Դրանից հետո իմ թշնամիներն էլ չէին կարող չխոստովանել, որ ես աշխարհիս առաջին հրաձիգն եմ, որ այնպիսի հրաձիգ, որպիսին Մյունխհաուզենն է, երբեք չի եղել։

Այսպես պատահեց։

Ես վերադառնում էի որսից։ Մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։ Մեկ էլ տեսա ոտիս տակից յոթ կաքավ դուրս թռան։ Իհարկե, ես չէի կարող թույլ տալ, որ այդպիսի հրաշալի որսը ձեռքիցս պրծներ։

Հրացանս լցրի, կարծում եք ինչո՞վ, շամփուրով։ Այո, սովորական շամփուրով, այսինքն՝ երկաթե կլոր ձողով, որով հրացան են մաքրում։

Հետո վազեցի կաքավների մոտ, քը՛շ արի և հրացանն արձակեցի։

Կաքավները մեկը մյուսի հետևից թռան, և իմ շամփուրը միանգամից բոլոր յոթ կաքավների մեջ մտավ։

Բոլոր յոթ կաքավներն էլ ցած ընկան ոտքերիս մոտ։ Ես վերցրի և ապշեցի, կաքավները տապակված էին։ Այո՛, տապակված։

Ասենք ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, չէ՞ որ իմ շամփուրը կրակոցից սաստիկ տաքացել էր, և կաքավները նրա վրա շարվելով, կարող էին տապակվել։

Նստեցի խոտի վրա և հենց այնտեղ էլ մեծ ախորժակով ճաշեցի։