Posted in Մայրենի

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պերճ-շքեղ, զարդարուն, պաճուճված

Գիլ-շպրտելու քար

2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

3. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

5. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

6. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

7. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

8.  Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *