Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:
Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տարբերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հողում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտերիաներ):
Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օրգանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիաները վնասակար են:
Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանությունում: