Դուք արդեն գիտեք, որ երկրագնդի վրա բնության տարրերն ու երևույթները տեղաբաշխված են անհավասարաչափ: Երկրի մակերևույթի ջերմությունը և խոնավությունը հասարակածից դեպի բևեռներ, իսկ լեռներում` ստորոտից գագաթ օրինաչափորեն փոփոխվում են:
Այդ փոփոխությունների շնորհիվ փոփոխվում են հողերի տիպերը: Անտառները հիմնականում աճում են հասարակածային և բարեխառն լայնություններում և այլն: Երկրաբանական գործոններով պայմանավորված՝ նավթի և գազի ռեսուրսների մեծ մասը կուտակվել է պլատֆորմների հիմքերի եզրային գոգավոր տեղամասերում, իսկ հին և նոր գեոսինկլինալներում են ընկած մետաղների օգտակար հանածոների մեծաքանակ պաշարներ: Մենք արդեն գիտենք, որ մարդկությունը գոյություն ունի և զարգանում է բնության հետ մշտապես հարաբերությունների մեջ գտնվելով և ըստ այդմ կազմակերպում է իր կյանքը, հարմարվում է այդ պայմաններին: Այժմ ներկայացնենք բնական ռեսուրսների առանձին տեսակների տեղաբաշխումն աշխարհում ու դրանցով մարդկության ապահովվածության մակարդակը: Հողային ռեսուրսներ: Հողային ռեսուրսներ չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան մեր մոլորակի ցամաքային մակերեսն է, (չհաշված սառցապատ Անտարկտիդան ու Գրենլանդիան և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը կազմում է 13.1 մլրդ. հա: Հողային ֆոնդի գլխավոր օրգտագործողը գյուղատնտեսությունն է: Նրա կողմից օգտագործվող հողերը հայտնի են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ անունով։ Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկների (այգիների) զբաղեցրած տարածությունները (դրանք միասին մշակովի հողերն են), արոտներն ու խոտհարքները։Գյուղատնտեսական նշանակության հողերի թե՛ ընդհանուր մակերեսը և թե՛ կառուցվածքը անփոփոխ չեն: Մարդը մի կողմից ընդարձակում է դրանք. յուրացնելով ոչ գյուղատնտեսական հանդակները` հատելով անտառները, չորացնելով ճահիճները, ոռոգելով անապատները: Միայն XX դարում երկրագնդի վարելահողերի ընդհանուր տարածությունը գրեթե կրկնապատկվել է: Մյուս կողմից, մարդու ոչ խելամիտ գործունեության հետևանքով տեղի է ունենում գյուղատնտեսական հողերի քայքայում ու աղքատացում: Ուժեղանում է ողածածկույթի քայքայումը (հողերի էրոզիան), ջրովի ընդարձակ տարածություններն աղակալվում են, միլիոնավոր հեկտար պիտանի հողեր դրվում են շինարարության տակ: Այս ամենի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմում է աշխարհի հողային ֆոնդի ընդամենը 30%-ը: Հողային ռեսուրսներով մարդկության ապահովվածությունը, չափվում է մեկ բնակչին հասնող հեկտարների թվով: Եթե անցյալ դարի կեսերին այդ ցուցանիշը հավասար էր 0,5 հա, ապա XXI դարասկզբին՝ կրկնակի անգամ պակաս՝ 0,3 հա: Կան երկրներ (Ճապոնիա, Եգիպտոս), որտեղ վարելահողերով ապահովվածությունը համաշխարհային միջին ցուցանիշից մի քանի անգամ ցածր է: (Այն ցածր է նաև Հայաստանի Հանրապետությունում՝ ընդամենը 0,14 հա): Կան նաև այնպիսիները, որտեղ այդ ցուցանիշը ավելի է տասնյակ անգամ, օրինակ Ավստրալիայում (3.0 հա): Հանքային ռեսուրսներ: Հանքային ռեսուրսները՝ դրանք, այլ անունով, օգտակար հանածոներն են, որոնք կուտակված են աշխարհագրական թաղանթի քարոլորտում։ Մարդը դրանք արդյունահանում և օգտագործում է արդյունաբերության մեջ ու շինարարության մեջ օգտագործելու նպատակով: Ընդունված է հանքային ռեսուրսները ըստ կիրառության բաժանել 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային: Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն մետաղային օգտակար հանածոները: Մետաղաձուլական գործարաններում դրանցից ստանում են սև մետաղներ (թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): Հանքային ռեսուրսների կազմում առանձին խումբ են կազմում քիմիական հումք հանդիսացող օգտակար հանածոները: Քիմիական արդյունաբերության մեջ օգտագործում են ֆոսֆոր, կալիումական աղեր պարունակող հանքատեսակները, կերակրի աղը, ծծումբը (հիշեք, որ արդյունաբերության այս ճյուղում որպես հումք օգտագործում են նաև նավթ, բնական գազ, մետաղաձուլության թափոններ և այլն):Առանձին խումբ են կազմում նաև բնական շինանյութերը: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, կրաքարը, մարմարը, շինարարական ավազը, խիճը և ուրիշ այլ հանքատեսակներ: Մարդկության ապահովվածությունը հանքային ռեսուրսների տարբեր տեսակներով տարբեր է։ Ողջ մարդկությունը, ամբողջությամբ վերցրած, լավ է ապահովված ածխով, շինանյութերով, քիմիական հումքով։ Բայց ընդհանուր առմամբ հանքային ռեսուրսների արդյունահանման տեմպերը բազմիցս գերազանցում են աշխարհի բնակչության աճի տեմպերին։ Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին: Բնական գազի պաշարների տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է նավթի պաշարների տեղաբաշխմանը, որի հիման վրա էլ առանձնացվում են նավթագազաբեր շրջանները: Մետաղային օգտակար հանածոների առաջացման երկրաբանական պայմանները այնքան բազմազան են, որ դրանց հանքավայրերի տարածման աշխարհագրությունը չափազանց ընդգրկուն է: Սակայն երկրագնդի վրա երբեմն առանձնանում են առանձին մետաղների կամ դրանց խմբերի կուտակման տարածքներ, որոնց անվանում են մետաղային գոտիներ: Այդպիսիններից են, օրինակ անագի գոտին Հարավարևելյան և Հարավային Ասիայում և ոսկու գոտին՝ Հարավային և Արևելյան Աֆրիկայում:Գիտնականների կանխատեսումներով, եթե նոր հանքավայրեր չհայտնաբերվեն և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա, օրինակ, նավթի պաշարները կբավարարեն ևս 40, գազի պաշարները 70, իսկ գունավոր մետաղներինը 100 տարի: Դա աշխարհի միջինացված թվերն են։ Մինչդեռ պետությունների ապահովվածության միջին թվերը մեծապես տարբերվում են իրարից: Պետություններ կան, որ հարուստ են, օրինակ նավթով ու գազով, բայց բոլորովին զուրկ են մետաղային ռեսուրսներից, և հակառակը: Կան երկրներ, որոնք ունեն հարուստ մետաղային ու ոչ մետաղային հանքային ռեսուրսներ, բայց չափազանց աղքատ են վառելիքաէներգետիկ ռեսուրսներով: Կան նաև հին արդյունաբերական որոշ շրջաններ, որտեղ օգտակար հանածոների նախկին հարուստ պաշարները վաղուց արդեն սպառվել են (Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում երկաթի հանքաքարի պաշարները)։Ջրային ռեսուրսներ: Երկրագունդը ընդհանուր առմամբ ջրային ռեսուրսներով ապահովված է: Հիշենք, որ Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71 % (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը (մոտ 98%) ծովի աղի ջրերն են, որոնք պիտանի չեն ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար: Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2.5 %-ն են անուշահամ ջրեր: Դրանցից էլ միայն մոտ 1%-ն է վերականգնվող (ամեն տարի համալրվող ջուրը), որը և մենք հնարավորություն ունենք օգտագործել: Դա մթնոլորտային տեղումների ջրային ռեսուրսներն են, որոնք թափվելով Երկրի մակերևույթին, առաջացնում են գետային հոսք: Այդ հոսքը տարեկան կազմում է ոչ ավելի, քան 45 հազ. կմ3, այսինքն երկրագնդի վրա կուտակված անուշահամ ջրի ընդամենը 0,16%-ը: Թվում է, թե դա քիչ չէ, քանի որ տասնապատիկ անգամ գերազանցում է մարդկության ներկա պահանջարկը: Բայց օգտագործման համար մատչելի ջրային ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Հատկապես անապատային, կիսաանապատային ու տափաստանային աշխարհագրական զոնաներում գտնվող շատ երկրներ անուշահամ ջրի սուր պակաս են զգում: Դրան հակառակ, երկրագնդի խոնավ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում դիտվում է ջրի հսկայական ավելցուկ:Ջրային ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ Քաղցրահամ ջրի որակական սպառումը սրվում է սրընթաց մեծացող արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3-ն օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-ն սպառում է անբավարար քանակությամբ ջուր և միայն 1/3-ն է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր: Կենսաբանական ռեսուրսներ: Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98%-ը: Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը
գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրա կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից: Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում
տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում: Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման,
ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների տարածությունը կրճատվել է առնվազն կրկնակի չափով: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա
գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։ Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար:Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները: Համաշխարհային օվկիանոսը մարդու համար, ոչ միայն կենսաբանական, այլև շատ հանքային ռեսուրսների կարևոր շտեմարան է։
Այժմ արդեն մարդկության կողմից օգտագործվող կենդանական պարենի գրեթե 20%-ը ստացվում է օվկիանոսից: Օվկիանոսի հատակի հարուստ հանքային ռեսուրսներից ներկայումս օգտագործվում են գլխավորապես նավթն ու բնական գազը: Աշխարհում արդյունահանվող նավթի և բնական գազի գրեթե կեսը ստացվում է ծովի հատակի հանքավայրերից: Էներգիայի անսպառ աղբյուր են օվկիանոսային մակընթացությունն ու տեղատվությունը, ալեկոծումը, ծովային հոսանքները: Սակայն դրանց օգտագործման ուղղությամբ միայն առաջին քայլերն են արվում: Ռեկրեացիոն ռեսուրսներ: Բնական ռեսուրսների հատուկ խմբի մեջ են միավորում մարդկանց հանգստի կազմակերպման, ուժերի վերականգնման համար օգտագործվող բնության տարրերն ու երևույթները: Դրանք ընդունված է անվանել ռեկրեացիոն ռեսուրսներ: Ռեկրեացիոն ռեսուրսներ են մարդկանց վրա բարերար ազդեցություն ունեցող տեղանքի ռելեիֆը, կլիման, բուսականությունը, ջրային ավազանները, ծովափերը, հանքային աղբյուրները, լեռնային լանդշաֆտները: Բնական ռեկրեացիոն ռեսուրսներից բացի կան նաև պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք կոչվում են մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ:
Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
Բնական ռեսուրսները տարբերվում են բնական պայմաններից նրանով, որ բնական ռեսուրսները գետնի տակից են հանում:
2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
Այո, օրինակ՝ հողը ժամանակի ընթացքում դառնում է բնական ռեսուրս:
3. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
Սպառվող – հանածոներ
Չսպառվող – ջուր, արև
4. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:
Օրինակ` արծաթը, ոսկի, մետաղ, երկաթ, ալյումին և այլն: